ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ՉԱՓԱՎՈՐ ԻՍԼԱՄԻ» ՄՈԴԵԼԸ` ՔԱՈՍԻ ԵՎ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

«ՉԱՓԱՎՈՐ ԻՍԼԱՄԻ» ՄՈԴԵԼԸ` ՔԱՈՍԻ ԵՎ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
23.11.2010 | 00:00

Որքան էլ տարօրինակ է, այդուհանդերձ, Արևմուտքը, ու նախ և առաջ ԱՄՆ-ը, միջազգային քաղաքականության մեջ հետևելով պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին, իրականում համերաշխվում են տիտղոսավոր ազգերի գերիշխանության ներքո ապրող ազգային խմբերի տեղի ու դերի մասին ստալինաբոլշևիկյան գաղափարախոսության և պատկերացումների հետ։ Դրա հետ մեկտեղ, այդ սկզբունքների վրա է հիմնված Միավորված ազգերի կազմակերպությունը, որը, թերևս, ավելի ճիշտ կլիներ անվանել «Միացյալ տիտղոսավոր ազգերի կազմակերպություն»։ Ըստ երևույթին, կան ամբողջատիրական կոմունիստական և ազատական-ժողովրդավարական գաղափարախոսության համերաշխության ավելի խոր «գենետիկ» հիմքեր։ Այդ օրինաչափ համախմբումը տեղի է ունենում այնպիսի պայմաններում, երբ երկու համակարգերն արմատականանում են, և ընդառաջ գալով ամբողջատիրական կոմունիստականին է մոտենում արմատական ազատականությունը կամ ազատական ամբողջատիրությունը։ Հարավային Կովկասում էթնոքաղաքական հակամարտությունների կարգավորման խնդրում Արևմուտքի մոտեցումների փակուղայնությունը պայմանավորված է ազգերը տիտղոսավորների և երկրորդ տեսակի տարբերակելու եղանակի կիրառման փորձերով։ Ընդ որում, ելնելով իրենց աշխարհաքաղաքական շահագրգռվածությունից, այսինքն, բոլշևիկյան պետության մոտեցումներից, որը, ի շահ համաշխարհային հեղափոխության, տարանջատել էր ոչ միայն ոչ ռուս ազգերը, այլև հենց ռուս ժողովրդին։
Հետխորհրդային տարածքում ժողովրդավարացման գործընթացները հանգեցրին այնպիսի օրինակարգությունների (ինստիտուցիաների) ստեղծմանը, ինչպիսին պառլամենտարիզմն է, բազմակուսակցականությունը, տարրական ազատությունները։ Այդ գործընթացների տրամաբանությունը պետք է հանգեցնի ազգ-պետությունների ստեղծման, այսինքն, համակողմանիության եվրոպական մոդելին։ Այդ մոդելը, իրոք, կարող էր նորանկախ պետությունների պետական գաղափարախոսության հիմքը դառնալ և ընդունելի կլիներ թե՛ տիտղոսավոր, թե՛ ոչ տիտղոսավոր ազգերի համար։ Բայց կա Թուրքիայի օրինակը, որտեղ արդեն իննսուն տարի ազգ-պետություն ստեղծելու փորձ է իրականացվում, ընդ որում՝ հենց Թուրքիայի պայմանների համեմատ։ Դրա հետևանքով, կայուն գոյություն ունեցող ժողովրդավարական շատ ինստիտուտների առկայությամբ հանդերձ, Թուրքիան մնում է ռազմական պետություն՝ «վերջին խոսքը զինվորականներինն է» սկզբունքի պահպանմամբ։ Թուրքիայում տակավին պահպանվում է ազգային նույնականության և բազմաթիվ էթնիկ, կրոնական ու նույնիսկ տարածաշրջանային խմբերի կողմից պետության նկատմամբ օրինապահության հրատապ խնդիրը։ Թուրքիան մնում է խորապես գաղափարայնացված պետություն, որտեղ ազատականության առաջխաղացման ցանկացած փորձ ոչ միայն քաղաքական ճգնաժամեր է հարուցում, այլև պետականության ճգնաժամեր։ Թուրք հասարակությունը մշտապես գտնվում է ներքին կառուցվածքի նոր ձևերի և պետական գաղափարախոսության նորացման որոնումներում։ Օրինակ, Թուրքիայում իսլամական շարժումը պատկերացվում է ոչ այլ կերպ, քան քաղաքական վերակառուցման, նախ և առաջ ներքին պետական կառուցվածքի վերակառուցման և իսլամական, այդ թվում` սոցիալ-կրոնական սկզբունքների հիման վրա թուրքական պետության պահպանման փորձ, սկզբունքներ, որոնք ենթադրում են սոցիալապես կողմնորոշված պետության կազմավորում։ Բայց օրինաչափ է այն, որ Թուրքիայում իսլամական շարժումը հարկադրված է դիմելու ազգայնական հավակնությունների ու շահերի, ինչը նրա նկատմամբ հանգեցրել է զգուշավորության ոչ միայն Արևմուտքում, այլև իսլամական աշխարհում։
Նորանկախ պետությունների մեծ մասում համապատասխան խնդիրներն ազգ-պետություն սկզբունքների հիման վրա լուծելը ուտոպիական է թվում։ Ներկայումս միայն Ռուսաստանը և Բելառուսը, չնայած էթնոազգայնականության ուժեղ դիրքերին, ձեռնամուխ են եղել ազգ-պետությունների ստեղծմանը։ Ընդսմին պետք է նկատի առնել, որ Ռուսաստանն ուղղափառության և պետական գաղափարախոսության առաջնայնությունների շրջանակներում այլ կրոնների հետ համագործակցության ընդունելիության հիման վրա համապարփակ պետություն կառուցելու բազմադարյան փորձ ունի։ Մյուս պետություններից, թերևս, միայն Վրաստանը նախադրյալներ ունի ազգ-պետության նման բան ստեղծելու համար։ Նույնիսկ ՈՒկրաինայում, որը եվրոպական մշակութային հանրակցության բաղկացուցիչ մասն է, ակնհայտորեն զարգանում է երկդավան պետության մոդելը, որը ներառում է կաթոլիկ և ուղղափառ ՈՒկրաինան։ Միայն ԱՄՆ-ի և Գերմանիայի աջակցությունը, ինչպես նաև Ռուսաստանի կոռեկտ քաղաքականությունն են ՈՒկրաինային հետ պահում պետական պառակտումից։ Բալթյան պետություններում, որտեղ սրությամբ է ծառացած ռուսախոս բնակչության հետ կապված հարցը, ուժգնանում է Հյուսիսային Իռլանդիայի մոդելի (երկհամայնք պետության) հեռանկարը։
Պատմաքաղաքական այլ պայմաններում, օրինակ, 20-30-ական թվականներին, երբ Թուրքիայում կազմավորվել էր հանրապետական պետություն, ազգ-պետություն ստեղծելն արագացնելու ունիվերսալ եղանակ կար, այսինքն, կիրառվում էր ազգայնականությունը, ընդ որում, ազգայնականության ծայրահեղ դրսևորումներով։ Ազգայնականությունը, անշուշտ, որպես միջանկյալ փուլ, նպաստում է տվյալ տիպի պետությանը, բայց արդի աշխարհում ազգայնական շեշտադրումների հետ հույսեր կապելը պետությանն սպառնում է միջազգային մեկուսացմամբ, թեև տվյալ գաղափարախոսությունը չի բացառվում համատարած ազատականության պայմաններում։ Խնդիրը գաղափարախոսության մեջ չէ, ոչ էլ նպատակների ու մտադրությունների, այլ քաղաքական մշակույթի։ Բազմազգ երկրներում, ինչպիսիք են Կենտրոնական Ասիայի և Կովկասի պետությունները, քաղաքական մշակույթի առկա մակարդակի պայմաններում ազգայնականության կիրառումը նշանակում է կործանում կամ աղետալի հետևանքներ նրանց համար։
Ղազախստանում և Ղրղզստանում կա համանման խնդիրների երկու խումբ՝ կայունության ու ազգերի միջև հարաբերությունների կարգավորման ապահովում, և այդ պետությունների ամբողջ տարածքում տիտղոսավոր ազգերի ժողովրդագրական ու քաղաքական առավելության ապահովում։ Տաջիկստանը, չնայած Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններին, կողմնորոշված է դեպի պարսկական տարածաշրջանային մեծապետության իրականացում և իսլամական արժեքներ։ Առանց իսլամական համապարփակության, հազիվ թե հաջողվի պահպանել տաջիկական պետության ամբողջականությունը։ ՈՒզբեկստանում, որը պետականության առավել մեծ փորձ ունի, և որտեղ քաղաքականապես միշտ իշխել է ուզբեկ ազգը, ըստ երևույթին, ձևավորվել է աշխարհիկ պետության մոդել, որը գործնական քաղաքականություն է վարում և հավակնում է Կենտրոնական Ասիայում առաջատարի դերին։ Տվյալ սկզբունքները, անտարակույս, պետք է հանգեցնեն ազգային և կրոնական հանդուրժողականության, ազգերի խաղաղ գոյակցության, բայց, իհարկե, ինչ-ինչ վարչաքաղաքական ու սոցիալ-տնտեսական բացերի («փոսերի») առկայությամբ։ ՈՒզբեկստանը շատ հեռավոր կերպով կարող է իրենից ասիական տիպի ազգ-պետություն ներկայացնել։ Թուրքմենստանն առայժմ զարգանում է որպես շատ ներփակ հասարակություն, քանի որ նրա զարգացման մակարդակն այնպիսին է, որ կեղծ ազատական կամ ենթաազատական այլ մոդելները, որոնք ծաղրանկարային կիրառում են գտել մյուս նորանկախ պետություններում, կհանգեցնեն թուրքմենական պետության կազմալուծման։
Ադրբեջանն իր հիմնախնդիրներով, քաղաքական ու սոցիալական մտածելակերպով, ներկա ընտրախավի ձգտումներով ու արժեքներով իրենից փոքր Թուրքիա է ներկայացնում և հաստատուն քայլերով շարժվում է «անատոլիական ուղիով»։ Ազգ-պետություն ստեղծելու անկեղծ ձգտումը կհանգեցներ պետական ազգային նույնականության կորստի, թյուրքական ծագում ունեցող խմբերի ճնշմանը վարչակազմում և տնտեսության լոկոմոտիվային ոլորտներում, իրանական և դաղստանյան էթնոսների ազգային ինքնագիտակցության աճին։ Արտաքին քաղաքականության մեջ դա խնդիրների կհանգեցներ Թուրքիայի հետ հարաբերություններում, որն ինքն է ձգտում դառնալ ազգ-պետություն, բայց շահագրգռված է Ադրբեջանով` որպես թուրքական երկրորդ ազգայնական պետությունով։ Ադրբեջանի ներկայիս կառավարող վերնախավը, որն զգալի չափով քրդական, իրանական և դաղստանյան արմատներ ունի, բնազդաբար հասկանում է վերահաս սպառնալիքը և այս կամ այն կերպ հակադրվում է այդ միտումներին։ Խնդիրը ոչ թե Ադրբեջանում ազգ-պետություն ստեղծելը կամ չստեղծելն է, այլ ընտրության, որը դեռևս չի արված, այն է՝ «Ադրբեջանն ադրբեջանցիների՞ պետությունն է, թե՞ թուրքերի»։
Պետությունների ամրապնդմանը նպաստող կարևորագույն գործոնը տնտեսությունն է, բայց առայժմ Կենտրոնական Ասիայի և Կովկասի պետությունների զարգացման տնտեսական բոլոր հնարավորությունները խարսխվում են բացառապես հանքային բնապաշարների վրա, թեպետ այդ երկրների տնտեսությունները չի կարելի միանշանակ անվանել մենարտադրական, քանզի տնտեսական զարգացման համար որոշ չափով մանևրելու հնարավորություն կա։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամը, հումքի և էներգապաշարների գների կտրուկ տատանումները խիստ աննպաստ անդրադարձան տնտեսական պայմանների վրա, ինչը հետագայում կանդրադառնա նաև քաղաքական իրավիճակի վրա։ Բացի այդ, հանքային բնապաշարների վրա խարսխվելը հանգեցնում է արտաքին ուժեղ ներթափանցման, մրցակցության և նույնիսկ երկարատև առճակատման իրավիճակների, ինչն ապակայունացնում է դրությունը տվյալ տարածաշրջանների երկրներում։
Վրաստանը և Հայաստանը, ցանկանում են դա թե ոչ, քաղաքակիրթ-մարգինալ պետություններ են, այսինքն՝ ուղիղ իմաստով ծայրամասային պետություններ են, ինչը մեծապես կանխորոշում է նրանց միջազգային ու տնտեսական դրությունը և անվտանգության պայմանները։ Վրացական քաղաքական վերնախավը մեծապես տոգորված է արևմտյան քաղաքակրթությանը նվիրված լինելու գաղափարով և երկու տասնամյակից ավելի փորձում էր իր հասարակությունը ներկայացնել իբրև օրինակելի արևմտամետ։ Հայաստանը խիստ հոռետեսորեն է վերաբերվում արևմտյան հոգեկերտվածքին, այդ թվում և` որոշ արժեքների, ինչպես նաև այն քաղաքական հարդարանքին, որով տարբերվում է Վրաստանը։ Այդուհանդերձ, այդ երկու երկրներն անհնար է դասել որևէ մոդելի կամ ասիական հասարակությունների վարքագծի կարծրատիպերի շարքին։ Ադրբեջանը, չնայած ընկալվում է որպես միանգամայն եվրոպական պետության ցուցափեղկային իրողություն, տիպիկ ասիական պետություն է, ընդ որում, այն գտնվում է ինչ-որ միջին գոտում՝ «դասական» Առաջավոր Ասիայի և նմանակման, այսպես կոչված, թուրքական կիսաաշխարհիկ մոդելի միջև` վարքագծի հասարակական նորմերով ու մոտիվացիաներով։ Կենտրոնական Ասիայի պետությունները, նրանց հասարակությունները չեն փորձում ներկայանալ «առաջադիմական» կառուցվածքներ, այլ ներկայանում են այնպես, ինչպես իրականում կան, այն է՝ որպես ավանդապաշտական բնույթի հասարակություններ, որոնք դրսից անհրաժեշտ ամեն ինչ ընկալել են բավականաչափ զարգանալու համար։
Շրջապատված լինելով տարբեր քաղաքակրթական աշխարհներով՝ ուղղափառ սլավոնական, եվրոպական, չինական-կոնֆուցիական, տարատեսակ իսլամական, ինչպես նաև հնդկական, բազմաթիվ դավանաբանական գաղափարախոսություններով, Կենտրոնական Ասիան, ունենալով նշանակալից հանքային և այլ բնապաշարներ, զգալով այդ մշակույթների ներթափանցումը, գտնվում է նոր քաղաքակիրթ տիպի մշակման ու կազմավորման ճանապարհին։ Այդ քաղաքակիրթ տիպը հազիվ թե նոր արժեքներ ու վարքագծի նորմեր ձեռք բերի տեսանելի ապագայում, ավելի շուտ տեղի կունենա հասարակական կառուցվածքի ներկայիս կիսատ-պռատ ձևերի կերպափոխում, որոնք գոյացել են խորհրդային մոդելի և արդիականացման ընդհանուր միտումի ներդրման հետևանքով։ Կենտրոնական Ասիայի հասարակայնությունը ենթարկվում է մի տեսակ «պահպանողական հեղափոխական» բեկման ու վերափոխման, երբ արմատական համապարփակայնացման տարրերը զուգակցվում են կորսված պատմամշակութային տիպին վերադառնալու իրողության հետ։ Մենք խոսում ենք ինչ-որ կենտրոնասիական հասարակության մասին, թեև այն կարելի է բաժանել երկու հիմնական բաղկացուցչի՝ «երկրագործական» և «քոչվոր», անշուշտ, խիստ իդեալական կերպարներով և իմաստներով։
Առկա պատմաքաղաքական և քաղաքակրթական իրավիճակը, այնուամենայնիվ, որոշակի քաղաքական ու սոցիալական գաղափարախոսություն է պահանջում, որն ընդունակ կլինի դառնալու հիմք ու գլխավոր կողմնորոշիչ։ Այս իմաստով Կենտրոնական Ասիան այլ գաղափարաբանական հեռանկար չունի, բացի հասարակության մեջ իսլամական հիմունքներն ամրապնդելուց։ Իհարկե, տվյալ իրողությունը չի կարող անխնդրահարույց տարածում ստանալ, քանի որ ո՛չ կառավարող վերնախավերը, ո՛չ սոցիալապես ակտիվ մարդկանց լայն զանգվածները բնավ շահագրգռված չեն շարիաթի՝ որպես քաղաքականության ու հասարակական կյանքի նորմերի ամբողջության ընդունմամբ։ Առայժմ, չնայած իսլամական բարոյականության ու վարքագծի նորմերի լայն տարածմանը, կրոնը մնում է որպես անհատական ընտրության ու վերաբերմունքի առարկա։ Դրա հետ մեկտեղ տարածաշրջանում գոյություն ունի իսլամական գաղափարախոսության ու շարիաթի նորմերի տարածման մի այնպիսի հսկայական ու ազդեցիկ օջախ, ինչպիսին ինը միլիոն բնակչությամբ Ֆերգանայի հովիտն է, որտեղ հավասարապես ապրում են շարիաթի հետևորդ ուզբեկներ, տաջիկներ, ղրղզներ, մասամբ ղազախներ և այլն։ Ֆերգանայի հովիտը, որն այժմ քաղաքական իսլամի տարածման կենտրոնակետ է, և կապված է իսլամի բազմաթիվ համաշխարհային կենտրոնների հետ, հետագայում կդառնա իսլամական հասարակության մոդել Կենտրոնական Ասիայում։ Չնայած նավթի, գազի, գունավոր մետաղների արդյունաբերության, մի շարք գյուղատնտեսական ճյուղերի բուռն զարգացմանը, տարածաշրջանի երկրներում դեռ երկար կպահպանվեն աղքատությունն ու բնակչության հետամնացությունը, ինչով էլ կպայմանավորվի խնդիրների լուծումը կրոնի մեջ որոնելը։ Իսլամից բացի, ավանդական մահմեդական բնակչության շրջանում ակտիվորեն տարածվում են ուղղափառությունը, կաթոլիկությունը, բողոքական աղանդներն ու միաբանությունները, որոշ չափով նաև Հեռավոր Արևելքի կրոնները, ասենք, բուդդայականությունն ու կոնֆուցիականությունը։ Դա խոսում է այն մասին, որ իսլամը, որպես այդպիսին, համապարփակ ընտրություն չէ, ոչ էլ հակազդեցություն տեղի ունեցող գործընթացներին։ Հասարակությունը հարցերի պատասխանը որոնում է կրոնի մեջ, որը հետզհետե ավելի շատ է քաղաքական բնույթ ստանում։
Կենտրոնական Ասիայի երկրներում ավելի շուտ կզարգանան «չափավոր իսլամի» ձևերը, երբ պետություններն ընդունում և պաշտպանում են շարիաթի արժեքները, ինչը գրանցված է արաբական աշխարհի պետությունների և իսլամական այլ երկրների մեծամասնության սահմանադրություններում, բայց պետական կառուցվածքը չի խարսխվում շարիաթի վրա։ Նման պետություններն ու հասարակությունները հաջողությամբ են գոյակցում, բավականաչափ կայուն են և զարգանում են։ Օրինակ, Եգիպտոսը, Լիբիան, Սիրիան, Հորդանանը և շատ ուրիշներ։ Աստիճանաբար չափավոր իսլամի պետություն կդառնա Թուրքիան, որին արևմտյան հանրակցությունն այնքան երկար ու համառորեն ի ցույց էր դնում Կենտրոնական Ասիայի պետություններն ու Ադրբեջանը՝ որպես օրինակելի ցուցադրական մոդել։ Որոշակի փուլում՝ հասարակական դժգոհության սպասվող սրման և ճգնաժամի շրջանում, իսլամը վճռորոշ դեր կխաղա Կենտրոնական Ասիայի պետությունների կայունացման և հետագա զարգացման մեջ, և համաշխարհային ուժային կենտրոնները` Արևմուտքը, Ռուսաստանն ու Չինաստանը, կգերադասեն այս տարածաշրջանում պաշտպանել «չափավոր իսլամի» մոդելը, որպես քաոսի և ծայրահեղականության այլընտրանք։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1254

Մեկնաբանություններ